18:13 Որեւէ հանդիպում տեղի չի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ. Ռուբեն Հակոբյան | |
Եթե ուշադիր ընթերցեք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը եւ առաջարկությունը, որն արվեց օնլայն ասուլիսի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարի պատասխանը, կտեսնեք, որ դրանք բացարձակապես տարբեր հարթություններում գտնվող հարցեր են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հստակ է ասում եւ օրակարգը, եւ հանդիպման բովանդակությունը, եւ անհրաժեշտության մասին: «Այն, ինչ ասում է Արմեն Արզումանյանը, բացարձակապես կապ չունի այն հայտարարության հետ, որն արվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Մինչեւ այս պահը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը համապատասխան որեւէ առաջարկություն, քայլ չի ձեռնարկվել Սերժ Սարգսյանի կողմից, եւ որեւէ հանդիպում տեղի չի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ»,- նշեց Ռուբեն Հակոբյանը` շեշտելով, որ եթե այն օրակարգը, որը թելադրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդունվի նախագահի կողմից, իհարկե, հանդիպում տեղի կունենա: Նշենք, որ Ազատության հրապարակում բաց երկնքի տակ մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի վերջնագիր է ներկայացրել գործող իշխանություններին: Նա առաջարկել է մինչեւ այսօր ժամը 17-ը, երբ Ազատության հրապարակում մեկնարկելու է հանրահավաքը, ցանկացած ձեւաչափով հանդիպել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել իշխանության հանձնման հարցը, քանի որ «ժողովուրդը փետրվարի 18-ին տոնել է իր հաղթանակը 80-ը 20-ի հարաբերակցությամբ»: Դրանից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումայնանն արձագանքել է նախօրեին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, ով Սերժ Սարգսյանին հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալու առաջարկ էր արել: «Հանրապետության նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել եւս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձեւակերպումների մեջ»,- ասել է նա: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |