Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 7 » Նախագահական զվարճանքների գինը
11:02
Նախագահական զվարճանքների գինը
Եվ այսպես, մարտի 5-ին Սոչիում Սարգսյանը, Մեդվեդևը և Ալիևը հանդիպեցին, խոսեցին, զվարճացան, լուսանկարվեցին, ճաշեցին: Իսկ ո՞րն է այդ ամենի արդյունքը: Տեսանելի մասով այն գուցե համատեղ հայտարարությունն է, որ ընդունել է նախագահների եռյակը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, որն, ի դեպ, ութերորդն էր այդ ֆորմատի նախաձեռնությունից ի վեր, և, թերևս, պետք է նկատել, որ այդ ութ հանդիպումներից այն ամենաանհամարժեքն էր իրավիճակի հետ համեմատության առումով: Գոնե Հայաստանի նախագահի պահվածքը հաստատապես պետք է բոլորովին այլ լիներ, և Սերժ Սարգսյանին լուսանկարչական սարքերն ու տեսախցիկները պետք է որ բոլորովին այլ կերպ արձանագրեին, եթե հաշվի առնենք, որ հանդիպման նախօրեին Ադրբեջանը հայ զինվոր էր սպանել: 

Գուցե երեք նախագահների զվարճանքները շատ ավելի թանկ արժեն, քան մեկ հայ զինվորի կյանքը, բայց գոնե Հայաստանի նախագահը պետք է շատ ավելի լուրջ կերպարով ներկայանար այդ հանդիպմանն ու շատ ավելի լուրջ հարցեր բարձրացներ Մեդվեդևի և Ալիևի ներկայությամբ՝ ինչ-որ տեղ ստիպելով նաև, որ նրանք էլ, ի վերջո, լրջանան: Մինչդեռ մարտի 5-ի հանդիպումն ամբողջությամբ զվարճանքների մեջ էր, գոնե այն մասով, որ մասով բացվեց մեդիայի առաջ: Հնարավոր է՝ տեսախցիկներից ու լուսանկարչական սարքերից հեռու իսկապես լուրջ քննարկումներ են եղել, և դրանք գուցե այնքան լուրջ են եղել, որ պարզապես հարկ է եղել հենց զվարճալից մասով մի փոքր ցրել լարված իրավիճակը: Չի բացառվում, իհարկե, թեև համատեղ հայտարարությունը, որ նախագահները ընդունել են հանդիպումից հետո, որևէ լուրջ իրադարձության մասին չի վկայում, և դա կարելի էր նույնիսկ ինտերնետով էլ ընդունել, ասենք՝ Ֆեյսբուքում կամ Թվիթերում: 

Չնայած, կարծես թե, միայն Մեդվեդևն է «ինտերնետացված», «սոցիալականացված» նախագահ, իսկ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ինտերնետում չկան: Բոլոր դեպքերում, Սոչիի հանդիպումից հետո թերևս հարկ է արձանագրել, որ իրավիճակը, մեծ հաշվով, շարունակում է մնալ անորոշ լարվածության մեջ, և հայտարարության այն հատվածը, որտեղ խոսվում է «հնարավոր» միջադեպերը հետաքննելու մասին, վկայում է, որ սահմանային կամ շփման գծի միջադեպեր դեռ կլինեն, և Սոչիում կա՛մ չի հաջողվել, կա՛մ էլ խնդիր չի դրվել հասնել մի պայմանավորվածության, որ զոհեր խլող այդ միջադեպերը բացառվեն: Իսկ որ որևէ այլ առումով Սոչին նշանակալից չէր լինելու՝ պարզ էր դեռևս այն պահից, երբ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետներ Սթեյնբերգը և Գորդոնը, ովքեր Հիլարի Քլինթոնի տեղակալներ են, Սոչիից բառացիորեն օրեր առաջ հայտարարեցին, որ ԱՄՆ և Եվրոպան կարգավորման նախաձեռնությունը չեն տվել Ռուսաստանին: 

Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ գերտերությունների հակասությունները Ղարաբաղի հարցում ակնհայտորեն շարունակվում են և դեռ երկար կշարունակվեն, ու պարզ է մի բան, որ այդ իրավիճակում Ղարաբաղի հարցում Հայաստանի համար նպաստավոր զարգացումներ և արդյունավետ գործողություններ կարող են լինել միմիայն երկրի ներսում, եթե տեղի ունենան Հայաստանի ներքին կյանքի իրական և լուրջ բարեփոխումներ: Քանի դեռ Ղարաբաղի հարցում չկա ճնշող միջազգային կոնսենսուս, որը դժվար է ասել, թե ինչ բովանդակությամբ կլինի` հայանպաստ, թե արդբեջանանպաստ, պետք է ներքին կյանքի իրական, արմատական և լայնածավալ բարեփոխումների միջոցով պետությունը դիմադրունակ դարձնել, որ միջազգային հնարավոր կոնսենսուսները սարսափելի չլինեն կամ լինեն հայանպաստ:
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 333 | Ավելացրեց: ERO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: