Աֆղանստանում գտնվող NATO-ի հրամանատարությունն իր համաձայնությունն է տվել երկրի նախագահ Համիդ Քարզայի՝ տեղական անվտանգության ուժերին ցուցաբերվող օդային օժանդակության դադարեցման մասին հրամանագրի վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Չորեքշաբթի օրը NATO-ի օդուժը, որը օգնություն էր ցույց տալիս տեղի անվտանգության ուժերին, արևելյան Կունար նահանգում ոչնչացրել է 10 խաղաղ բնակչի: Այս փաստի արդյունքում Աֆղանստանի նախագահ Համիդ Քերզայը հրամանագիր է արձակել, որը NATO-ի ինքնաթիռներին և ուղղաթիռներին արգելում է օժանդակել աֆղանական բանակին և ոստիկանությանը:

«Սա ինքնիշխան ազգ է: Նախագահը օգտվում է ինքնիշխանության իրավունքից»,- հայտարարել է NATO-ի զորքերի և Աֆղանստանում գտնվող անվտանգությանն օժանդակող միջազգային ուժերի հրամանատար Ջոզեֆ Դանֆորդը՝ պաշտպանելով երկրի ղեկավարի հրամանը:

Ըստ տեղական վերլուծաբանների, աֆղանական պետության ղեկավարի տաքարյունությունը կարող է ոստիկանության և բանակի շարքերում կորուստների թվի ավելացման պատճառ հանդիսանալ: