10:21 «168 ժամ». Հայաստանում գործում է ընդհատակյա դեսպանատուն | ||
«Լիտվան Հայաստանում դեսպանատուն ունի, այն գտնվում է Բաբայան 2/8 հասցեում: Բայց այդ դեսպանատունը չի գործում: Դեսպանատան հետ հնարավոր չէ կապվել ժամանակակից կապի որեւէ միջոցով: Դեսպանատունն ունի քաղաքային հեռախոսահամար, որը ձեզ կտրամադրի ցանկացած տեղեկատվական ծառայություն: Բայց այդ հեռախոսահամարով զանգահարելու դեպքում, ավտոմատը կհուշի բջջային մեկ այլ հեռախոսահամար, որով զանգահարելու դեպքում ոչ ոք չի պատասխանի: Դեսպանատունը չունի էլեկտրոնային փոստի հասցե, որով հնարավոր է գրավոր նամակ գրել եւ պատասխան ակնկալել: Ժամանակակից կապի միջոցներից բացի, կա նաեւ հին եւ ավանդական այնպիսի միջոց, ինչպիսին անձամբ դեսպանատուն գնալն է: Բայց դա եւս անիմաստ զբաղմունք է, քանի որ դեսպանատան դուռը որեւէ մեկը չի բացի: Մենք երեք անգամ այցելել ենք դեսպանատուն, անիմաստ թակել դեսպանատան դուռը, եւ, ոչ մի արձագանք: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ / կ նախագահ Կարեն Հեքիմյանին են դիմել մի քանի քաղաքացիներ, ովքեր փորձել են կապվել Լիտվայում Հայաստանի դեսպանատան հետ, սակայն նրանց բոլոր փորձերը որեւէ արդյունք չեն տվել: Հենց այդ ժամանակ դեսպանատան հետ կապվել փորձեցինք նաեւ մենք, մտածելով, որ այն, ինչ չի հաջողվել այլ քաղաքացիների, կարող է հաջողվել մեզ: Բայց մենք գերագնահատել էինք մեր հնարավորությունները: Կասկածներ առաջացան, որ Լիտվան ինչ - ինչ պատճառներով խզել է դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, կամ դեսպանատան աշխատակիցները, մեզ անհայտ ահաբեկչական սպառնալիքների ազդցության տակ, որոշել են անցնել ընդհատակ: Մենք Կարեն Հեքիմյանի հետ այցելեցինք ՀՀ ԱԳՆ, պարզելու, թե ներկայացված վարկածներից որն է ավելի մոտ ճշմարտությանը: Դեսպանատան Եվրոպայի վարչության աշխատակից ներկայացած Դավիթ Գրիգորյան մեզ տեղեկացրեց, որ Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն խզվել: Երբ մենք նրան հայտնեցինք, որ հնարավոր չէ կապվել դեսպանատան հետ, նա խնդրեց մի փոքր սպասել ԱԳՆ ընդունարանում: Քիչ հետո, երբ մենք կրկին զանգահարեցինք նրան, ԱԳՆ աշխատակիցը հայտնեց, որ ինքը եւս չի կարողանում կապվել դեսպանատան հետ: Սա դիվանագիտական էթիկայի բացահայտ խախտում է, մի կողմից, եւ արհամարհական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: Բայց ավելի կարեւոր է, որ իր այդ գործողություններով Լիտվայի դեսպանատունը խախտում է ՀՀ հարյուրավոր քաղաքացիների իրավունքը, ովքեր ցանկություն ունեն դիմել դեսպանատուն, ստանալ Իսպանիա կամ Լիտվա գնալու մուտքի արտոնագիր: Եթե Լիտվայի դեսպանատունը հրաժարվում է կատարել իր այդ գործառույթը, երեւի ճիշտ կլինի, եթե ՀՀ ԱԳՆ պաշտոնյաները ՀՀ քաղաքացիներին տեղեկացնեն, թե էլ ուրիշ ում դիմեն, կամ ինչպես իրացնեն ազատ տեղաշարժի իրենց սահմանադրական իրավունքը », - գրում է« 168 ժամը »:Աղբյուր`Lur.do.am | ||
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |