Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 10 » Իշխանությունը սսկվել է
17:59
Իշխանությունը սսկվել է
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ակնհայտորեն բավական բարդ կացության առաջ է դրել Սերժ Սարգսյանին: 

Բանն այն է, որ Քոչարյանն իր պաշտոնանկությունից հետո թերևս առաջին անգամ է ըստ էության գնահատել երկրում առկա իրավիճակը և տվել դրա վերաբերյալ քիչ թե շատ կոնցեպտուալ գնահատական: Այլ հարց է իհարկե, թե այդ գնահատականը որքանով է մոտ իրականությանը, ինչ փաստական և տրամաբանական սխալներ է պարունակում իր մեջ: Փաստն այն է, որ Քոչարյանը թերևս առաջին անգամ քիչ թե շատ ադեկվատ է գտնվել իրավիճակին և իրեն հատուկ բառապաշարից զգալի վեր կանգնելով դարձել է որոշակիորեն քաղաքական տեքստի հեղինակ:

Ըստ երևույթին այդ աննախադեպ իրողությունն իշխանությանը դրել է անելանելի վիճակի առջև: Նրանց համար թերևս զարմանալի է, որ Քոչարյանը չի դիմում իր ավանդական կոշտ բառապաշարին: «Ի՞նչ է նա մտածել, ի՞նչ կա նրա մտքին», - երևի թե մտածում է իշխանությունը, կասկածելով, որ Քոչարյանն իրեն բնորոշ խորամանկ հաշվարկի է դիմում: Ու քանի դեռ չեն հասկացել, թե ինչ կա նրա մտքին, ինչն է նրան ստիպել դիմել քաղաքական, ոչ թե «վոյինի» տեքստի, նախընտրում են լռել:

Այսինքն, Քոչարյանը իր հարցազրույցով թերևս բացահայտում է թե՛ իր վախը ներքաղաքական զարգացումներից, թե՛ իշխանության վախը Քոչարյանից: Ի վերջո, նրա խոսքում կային իշխանությանն ուղղված որոշակիորեն սաստող երանգներ թե՛ մարտի 1-ին այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի դերակատարության, թե՛ նաև տնտեսական քաղաքականության հարցում համեմատությունների առումով: Իսկ իշխանության լռությունը կարող է վկայել, որ Քոչարյանի խոսքը զգաստացրել է Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին: Այլ կերպ ասած, կարող է ստացվել «մկան խաղը մինչև կատվի մարագն է» ժողովրդական խոսքի տարբերակը, համենայն դեպս քանի դեռ իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին չի տվել համարժեք պատասխան մարտի 1-ին Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելու, տնտեսական քաղաքականության, և նաև ընդդիմության հետ գործարքի մասով, որի վերաբերյալ ակնարկներ է հնչեցնում Քոչարյանը:

Ի վերջո, իշխանության տրամաբանությունն է պահանջում պատասխանել Ռոբերտ Քոչարյանին: Դա կլինի բանավոր պատասխան, թե կլինի պատասխան որոշակի քայլերի տեսքով, մեծ հաշվով էական չէ: Էականն այն է` կլինի՞ պատասխան, թե՞ ոչ, կբավականացնի՞ Սերժ Սարգսյանի համարձակությունն ու ինքնավստահությունը համարժեք պատասխան տալու Քոչարյանին, անձամբ, կամ միջնորդավորված, թե՞ ոչ: Քանի որ բանն այստեղ, կարծես թե, անմիջականորեն առնչվում է հենց իշխանության խնդրին:
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 345 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: