Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 29 » Իմ բարեկամներն ինչ ասես` ունեն. Ես ոնց կարամ ասեմ, որ իրենց ունեցվածքը իմն ա. Տիգրան Արզաքանցյանը հերքում է, որ Փարիզում վիլլա ունի
11:34
Իմ բարեկամներն ինչ ասես` ունեն. Ես ոնց կարամ ասեմ, որ իրենց ունեցվածքը իմն ա. Տիգրան Արզաքանցյանը հերքում է, որ Փարիզում վիլլա ունի

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հերքում է hetq.am կայքի հրապարակումն այն մասին, ըստ որի պատգամավորը «Hermitage»  անունով վիլլա ունի Փարիզի Maurice Chevalier փողոցում: Կայքն, ի դեպ, տպագրել է նաեւ վիլլայի եւ դրա դիմաց կայանած «Մերսեդես» մակնիշի 21 SO 840 հայկական համարանիշի մեքենայի  լուսանկարները:

Ֆրանսիայի անշարժ գույքի գործակալություններն այդ տարածքի առանձնատները, ըստ կայքի, գնահատում են 1,5-2 մլն եվրո` կախված տան վիճակից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ նշված գույքն իրեն չի պատկանում, ապա առաջարկեց մեզ հուզող հարցերն ուղղարկել գրավոր, ու խոստացավ, որ սիրով կպատասխանի: Սակայն նրա հետ տեղի ունեցած բլից հարցազրույցը եւս ուշագրավ ստացվեց:

Փաստորեն պնդում եք, որ վիլլան ու մեքենան Ձերը չեն:

Չէ, դրանք Տիգրան Արզաքանցյանինը չեն:

Կայքը գրում է, որ նշված գույքը ձեւակերպված է Ձեր բարեկամներից մեկի` Էդիկ Արզաքանցյանի անունով:

Իմ բարեկամներն ինչ ասես` ունեն: Ես ո՞նց կարամ ասեմ, որ իրենց ունեցվածքը իմն ա: Իմ լրատվական ծառայությունը հիմա զբաղվում է այդ հարցով, եւ հնարավոր ա հերքում պահանջենք: Ասեմ նաեւ, որ սխալ են գրել տղայի անունը` Էդիկ են գրել, բայց նրա անունը Դավիթ է: Նա իմ հորեղբոր տղան է, եւ ապրում է Փարիզում:

Գուցե Ձեր գույքը գրանցել եք նրա անունո՞վ:

Ես կարող եմ ասել, որ բոլոր Արզաքանցյանները մերոնք են, բայց չեմ կարա ասեմ, որ  բոլոր Արզաքանցյանների գույքն իմն ա, այդքան բան…(ծիծաղում է-NEWS.am):  

Մամուլում կրկին գրվում է ձեզ պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերության մասին, որը 36 միլիոն դրամ պարտք ունի գյուղացիներին, որոնցից խաղող է մթերել: Ի՞նչն է պարտքի վճարման ուշացման պատճառը:

Ես այդ ընկերության հետ ոչ մի կապ չունեմ, դուրս եմ եկել երկու տարի առաջ:

Բայց Ձեր անունն է նշվում որպես ընկերության սեփականատիրոջ:

Իմ անունն ամեն տեղ էլ շոշափում են, ի՞նչ ասեմ…իրենք երեւի շատ են սիրում իմ անունը: Գոյություն ունի պետական ռեգիստր: Չորս հազար դրամի եղածն ի՞նչ ա, փող մուծեն ու տեղեկություն ստանան, թե ով` ինչ կամպանիա ունի ու ով` ինչքան փայ: Ասեմ նաեւ, որ այսօր մեր թղթակիցները մենակ գրում են նեգատիվի մասին, ոչ մի պոզիտիվ բանի մասին չեն արտահայտվում: Երեւի թե  իրենք իրենց տան համար էլ կյանքում ոչ մի պոզիտիվ բան չեն արել, դրա համար էլ չեն կարողանում ճիշտ ներկայացնեն իրականությունը: Եթե ճիշտը ներկայացնեն, իրենց խմբագրությանն էլ կհարգեն, թերթին էլ, սայթին էլ: Սակայն գրում են սուտ բաներ:

Գրում են, որ ես Հովիկ Աբրահամյանի հետ ոսկու հանքեր ունեմ, բայց էդ հանքը իմ սեփականությունն է: Ես նրանից այդ կոմպանիան առել եմ երեք տարի առաջ: Նման սուտ բաներ գրողները թող Բիբլիա կարդան, տեսնեն, թե ինչ է գրված. ով ինչ վատություն է անում կամ լավություն, ինքն իրեն է անում: Թող մի քիչ զբաղվեն իրենցով, դա է իմ ասածը: Իսկ Արզաքանցյանն ինչքա~ն բարեգործություն է արել ու շարունակաբար անում է, բայց դրա մասին ոչ մի բան չեն խոսում: Մեր մի քանի թղթակիցներ դարձել են մի քանի քաղաքական գործիչների ձեռքի գործիք, ասել եմ, ու էլի եմ ասում: Դրա պատճառն այն է, որ դիմացներս ընտրություն է, կա օպոզիցիա եւ կան մարդիկ, ովքեր ոչ մի անգամ մարդկանց լավով չեն ուրախանում: 

Պարոն Արզաքանցյան, Դուք ԱԺ նիստերից բացակայում եք. ԱԺ 1630 նիստից 1371-ին չեք մասնակցել: Գիտե՞ք, որ ԱԺ նախագահը որոշել է բացակա պատգամավորների դեմ տուգանք կիրառել` աշխատավարձից պահում անելով:

Իմ բացակայությունները հարգելի են, քանի որ ես չեմ ավարտել իմ բուժումները, թե չէ ես մեծ հաճույքով կմասնակցեի ԱԺ բոլոր նիստերին: Աստված չանի` մեկն իմ տեղը գտնվեր:

Կարծեմ` ԱՄՆ-ում եք բուժում:

Ամերիկա, Եվրոպա, տարբեր տեղեր…

Խնդիրը հո լուրջ չէ՞:

Չէ, կապված է ձեռքիս հետ, հիմա չեմ ուզում արձագանքեմ…Ձեռքս փամփուշտից վնասվել է: Կան մարդիկ, ովքեր կյանքում ոչ մի խոչընդոտի առաջ չեն կանգնել, բայց գրում են, թե ինձ ծեծել են: Մահափորձն ուրիշ ա, ծեծելն ուրիշ ա: Մարդու  դժբախտության վրա ուրախացող մարդիկ են նման բան ասողները: Ես չար բերան չունեմ, բայց Աստված վերեւից նայում է, իրենք իրենց հատուցումը կստանան:

Խոսք կա, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում Դուք չառաջադրեք Ձեր թեկնածությունը: Ի՞նչ կասեք այս մասին: 

Չէ, առաջադրվելու եմ, առայժմ մտածում եմ այդ մասին:

Մի քանի օր առաջ Դուք հայտարարել էիք, թե դատի եք տալու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` Ձեր մասին կեղծ տեղեկություն տարածելու համար, թե իբր Դուք փախուստի եք դիմել, երբ ոստիկանները փորձել են կանգնեցնել Ձեր մեքենան:

Մենք իմ փաստաբանի հետ հիմա քննարկում ենք այդ հարցը: Ասում եմ նորից, որ ինձ ոչ մի ոստիկան չի կանգնեցրել, չի խոսել իմ հետ, ես էլ չեմ թողել փախչել, ինչի՞ համար պիտի փախչեի: Մի հատ հարցրեք Շամշյանից, թող տղամարդավարի ճիշտն ասի:

Գագիկ Շամշյանը պնդում է, որ համապատասխան փաստեր ունի, որոնք կներկայացնի դատարան, եթե Դուք նրան որոշեք դատի տալ:

Դե թող ցույց տա, ես էլ ներողություն կհայտնեմ: 

Զրուցեց Հեղինե Մանուկյանը

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 333 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: