19:57 Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն առաջատար ունի | |
Այսօր Հայաստանի առաջնության առաջին տուրի շրջանակներում Արարատի «Այգ» մարզադաշտում Դիլիջանի «Իմպուլս»-ն ընդունեց գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ին: Վարդան Մինասյանի թիմը հանդիպման առաջին րոպեներից տիրեց նախաձեռնությանը և խաղասկզբում մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց: Առաջին խաղակեսի միջնամասն անցավ հավասար պայքարում. երկու թիմերն էլ չէին կարողանում իրենց լավագույն խաղը ցուցադրել և դա բնական էր: Չմոռանանք, որ մրցաշրջանը նոր է մեկնարկել, բացի դրանից խաղադաշտի խոտածածկի որակը հեռու էր իդեալականից: Այնուամենայնիվ, առաջին խաղակեսի վերջին րոպեին նոմինալ հյուրերին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Մարկոսի տուգանայինից կատարած փոխանցումը գլխի գեղեցիկ հարվածով եզրափակեց Վարազդատ Հարոյանը: Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ չեմպիոնների թելադրանքով: «Իմպուլս»-ի ֆուտբոլիստների ցանկությունն ակնհայտ էր, բայց վարպետությունը չէր բավականացնում: Տանտերերի գրոհների մեծ մասն իրենց մեջ սրություն չէին պարունակում, փոխարենը «Փյունիկ»-ը մի քանի շատ վտանգավոր հակագրոհ կազմակերպեց: Ինչևէ, նոր գոլեր չգրանցվեցին: «Իմպուլս»-«Փյունիկ»` 0:1: Առաջնությունն ունի առաջատար: Մեկնարկային տուրի մյուս երկու հանդիպումներին «Առաջին լրատվակն»-ն արդեն անդրադարձել էր, իսկ «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումը հետաձգվել է: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |