Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 29 » Աշոտ Աստաբացյան. Կարմիր Խաչը Հայաստանի կառավարությանը անհետ կորածների վերաբերյալ տվյալներ կուղարկի
11:31
Աշոտ Աստաբացյան. Կարմիր Խաչը Հայաստանի կառավարությանը անհետ կորածների վերաբերյալ տվյալներ կուղարկի

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Հայաստանի կառավարությանը ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորածների վերաբերյալ տվյալներ կուղարկի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը:

«Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Անհետ կորածների մասին տեղեկությունները էլեկտրոնային տեսքով կներկայացվեն Հայաստանի կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողով։ Տվյալների բազան ստեղծվել է անցած մեկ տարվա ընթացքում»,- նշեց նա։

Աստաբացյանը նաեւ տեղեկացրեց, որ տվյալների հիման վրա հայկական կողմը առաջիկա տարիների ընթացքում արտաշիրիմում կիրականացնի՝ փորձելով որոնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացրած ցուցակներում առկա մարդկանց:

Հարցին, թե նման գործընթաց իրականացվելու է նաեւ Ադրբեջանո՞ւմ, ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատուն նշեց, որ հաստատ ոչինչ ասել չի կարող։ «Հնարավոր է՝ այնտեղ էլ այդպիսի գործընթաց իրականացվի, սակայն չեմ կարող ասել՝ իրականացվում է, թե ոչ կամ ինչ փուլում է արտաշիրիմումի գործընթացը գտնվում»,- ասաց Աստաբացյանը։

Նշենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` Հայաստանից անհետ կորածների թիվը հասնում է 407-ի, Լեռնային Ղարաբաղից՝ 449-ի, Ադրբեջանից՝ 3710-ի:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 400 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: