22:08 Exit Poll-ի արդյունքում 58 տոկոսով առաջատարը Սերժ Սարգսյանն է, երկրորդը` 32 տոկոսով, Րաֆֆի Հովհաննիսյանը | |
Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցած քաղաքացիների շրջանում անցկացված Exit Poll-ի արդյունքում առաջատարը Սերժ Սարգսյանն է: Քվեաթերթը արկղի մեջ գցած եւ ընտրատեղամասից դուրս եկած ընտրողներին խնդրել են լրացնել ելքի հարցման (Exit Poll) հարցաթերթիկը: Այն լրացնելուց հետո հարցվողին խնդրել են հարցաթերթը տեղադրել հատուկ արկղի մեջ: Այսպիսով հարցվողի պատասխանների գաղտնիությունը երաշխավորված էր: Հավաքած տվյալները յուրաքանչյուր հարցազրուցավար ուղղակիորեն էլեկտրոնային միջոցներով յուրաքանչյուր ժամը մեկ փոխանցել է Երեւան` հետազոտական կազմի կենտրոնական գրասենյակ, որտեղ 5 փորձագետներից բաղկացած թիմը դրանք հաշվարկել եւ վերլուծել է հատուկ մշակված ծրագրով: Հարցումն անցկացնելու համար ընտրվել է ընտրատեղամասից հեռացող յուրաքանչյուր 7-րդ ընտրողը: Exit Poll-ի արդյունքները ցույց են տալիս, որ 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին հայ ընտրողները քվեարկել են այսպես. Սերժ Սարգսյան 58 տոկոս Րաֆֆի Հովհաննիսյան 32 տոկոս Հրանտ Բագրատյան 3 տոկոս Պարույր Հայրիկյան 3 տոկոս Անդրիաս Ղուկասյան 1 տոկոս Արման Մելիքյան 1 տոկոս Վարդան Սեդրակյան 1 տոկոս Փչացրած քվեաթերթիկ 1 տոկոս: Արմնյուզ առաջատար հայկական լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ, նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` որպես 2012-2013 թվականի ընտրական շրջանում իրականացված ընդգրկուն ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման (Exit Poll) նպատակն էր բացահայտել եւ վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2013-ի փետրվարի 18-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան եւ Baltic Surveys/The Gallup Organization-ը: Քվեարկության օրը 19.130 հարցազրույց է անցկացվել ընտրատեղամասից դուրս եկած ընտրողների հետ: Հարցազրույցները անցկացվել են բոլոր 10 մարզերի եւ Երեւանի 122 ընտրատեղամասերում: Այս նախագծի շրջանակում աշխատել են ընդհանուր առմամբ 300 հարցազրուցավարներ, սուպերվայզերներ, փորձագետներ եւ ծրագրի ղեկավարներ: Հարցված ընտրողների պատասխանների տոկոսը կազմել է 59 %. Ընտրատեղամասերի ընտրությունը, որտեղ պետք է անցկացվեին հարցումները, նախագծվել էր այնպես, որ դրանք ընդգրկեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը եւ ներկայացնեն մարզը, քաղաքային/ գյուղական վայրը եւ համապատասխանեն ընտրատեղամասերի չափին (գրանցված ընտրողների թվաքանակին): Արմնյուզ հեռուստաընկերությունն այս ծրագիրն իրականացնում է Baltic Surveys/The Gallup Organization-ի եւ Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիայի հետ: Gallup-ը համաշխարհային հեղինակավոր եւ ճանաչված ընկերություն է: Հայաստանում աշխատելու հարցում Baltic Surveys/The Gallup Organization-ն ամենափորձառուն է: Այն ՀՀ-ում 2005-ից մինչեւ այսօր ՀՍԱ-ի հետ իրականացրել է 18 ծրագիր:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |