Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 20 » Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ
18:19
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Թանկագին հայրենակիցներ, սիրելի արցախցիներ,

25 տարի առաջ այս օրը շրջադարձային եղավ Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար: Մենք ազգովի ոտքի ելանք միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին համահունչ խաղաղ եւ օրինական պահանջով` վերականգնելու պատմական արդարությունը, պաշտպանելու մեր ոտնահարված արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները:

1988-ի շարժման հիմքում ընկած էր մեր ժողովրդի պայքարը` օտար լծի, մոտ յոթ տասնամյակների ընթացքում չդադարող բռնությունների եւ ճնշումների դեմ: Թեեւ այդ ամենին, ազգային-ազատագրական այս պոռթկումը չէր սերմանում թշնամանք ու ազգային ատելություն հարեւան ժողովրդի հանդեպ: Բայց Ադրբեջանը մեր քաղաքակիրթ պահանջներին ու խաղաղ ցույցերին պատասխանեց կոտորածներով, ջարդերով, տեղահանումներով ու հալածանքներով: Կրկին փորձ արվեց հայկական հարցը լուծել արդեն իսկ փորձարկված մեթոդով` ցեղասպանությամբ:

Սակայն այս անգամ այդ հրեշավոր քաղաքականությունը դատապարտված էր ձախողման: Համայն հայությունը միավորվեց ու բռունցքվեց` ի պաշտպանություն Արցախի, հայրենի երկրի ու ժողովրդի, նրա պատվի ու հուսալի ապագայի: Հայ ազգի լավագույն զավակների արյան գնով, սխրանքների եւ անձնվիրության շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը, այլ նաեւ արժանի հակահարված տալ թշնամուն` խաղաղություն եւ կայունություն հաստատելով ողջ տարածաշրջանում: Հա~վերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Անդրադարձ կատարելով 25 տարվա մեր անցած ճանապարհին` կարող ենք պատվով ու հպարտությամբ արձանագրել, որ կյանքի կոչելով 88-ի գաղափարները, հայ ժողովուրդը վերականգնել է իր պետականությունը, եւ այսօր Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ ինքն է տնօրինում իր ճակատագիրը, անսասան պահում հայրենի երկրի սահմանները, շենացնում պապերի հողն ու վառ պահում հարազատ օջախի կրակը:

Մենք այսուհետ էլ ազգովի կանենք ամեն ինչ այսքան թանկ գնով նվաճած մեր անկախ պետականության շարունակական ամրապնդման համար:  Դա բացառիկ արժեք է, առանց որի անհնար է պատկերացնել հայրենիքի ու ժողովրդի հարատեւումն ու զորացումը:

Թանկագին արցախցիներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Հայաստանի եւ Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ»:


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 481 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: