Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 7 » Անգլիայի առաջնություն. «Լիվերպուլ»-ը վերադառնում է (տեսանյութ)
11:08
Անգլիայի առաջնություն. «Լիվերպուլ»-ը վերադառնում է (տեսանյութ)
Հանգստյան օրերին կայացան Անգլիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպումները: Նրանցից կենտրոնականն, անշուշտ, «Էնֆիլդ»-ում տեղի ունեցած «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» մրցավեճն էր: Առաջին հայացքից ֆավորիտը մրցաշարային աղյուսակի առաջատար «Յունայթեդ»-ն էր, սակայն չմոռանանք, որ լիվերպուլցիներն աչքի են ընկնում առանձին կարևոր հանդիպումներին հատուկ տրամադրվելու կարողությամբ: Բացի դրանից, «սատանաներ»-ի վերջին հանդիպումը «Չելսի»-ի հետ ցույց տվեց, որ Ֆերգյուսոնի թիմն այնքան էլ լավ մարզավիճակում չի գտնվում:

Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ հավասար պայքարում: «Կարմիրներ»-ը, ելնելով տանտիրոջ կարգավիճակից, փորձում էին ավելի շատ տիրել գնդակին, բայց գործը լուրջ վտանգավոր պահերի չէր հասնում: Թեև «Յունայթեդ»-ը զիջել էր նախաձեռնությունը, սակայն առաջին իրական վտանգն առաջացավ հենց Ռեյնայի դարպասի մոտ. աչքի ընկնելու հրաշալի հնարավորություն ուներ Դիմիտար Բերբատովը, որը հեթտրիկ էր ձևակերպել այս թիմերի առաջին հանդիպման ժամանակ` նրա հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից: Հանդիպումը հիմնականում ընթանում էր դաշտի կենտրոնում, մինչև «Լիվերպուլ»-ի նորեկ Սուարեսը որոշեց խաղն իր վրա վերցնել: 34-րդ րոպեին Ուրուգվայցին առանձնակի թեթևությամբ շրջանցեց մրցակցի 4 պաշտպաններին, ներխուժեց տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց Կայտին: Հոլանդացուն մնում էր միայն գրավել դարպասը` 1:0: 5 րոպե անց Կայտը խփեց երկրորդ գնդակը: Առաջին գնդակից հետո ուշքի չեկած հյուրերի ֆուտբոլիստներից Նանին դարձավ գոլի համահեղինակ: Պորտուգալացին Սուարեսի փոխանցումից հետո փորձում էր գնդակը հեռացնել դաշտի սահմաններից, բայց նրա գլխով հարվածից հետո այն հայտնվեց Կայտի մոտ, որը չկորցրեց իրեն ու մոտ տարածությունից կրկնապատկեց հաշիվը: Առաջին խաղակեսի վերջնամասն աչքի ընկավ կոպտությամբ: Հանդիպման մրցավարը 1 րոպեի ընթացքում 4 դեղին քարտ ցույց տվեց ֆուտբոլիստներին: 

Երկրորդ խաղակեսում Դալգլիշի սաները նախաձեռնությունը մտածված զիջեցին: «Սատանաներ»-ը գոլ խփելու երկու լավ հնարավորություն կորցրին: Թվում էր, թե ուր որ է՝ նրանց կհաջողվի կրճատել հաշվի տարբերությունը, բայց շուտով կրկին աչքի ընկավ այդ երեկո անխափան գործող Սուարես-Կայտ զույգը: Ուրուգվայցու՝ տուգանայինից կատարած հարվածը չկարողացավ ֆիքսել Վան դեր Սարը. Կայտը տեղում էր և կրկին մոտ տարածությունից գրավեց իր հայրենակցի դարպասը: 90-րդ րոպեին հյուրերին հաջողվեց խփել հեղինակության գոլը: Էրնանդեսը Գիգսի փոխանցումից հետո գնդակը գլխով ուղարկեց Ռեյնայի դարպասը: 

Վերջին երկու տարվա մեջ առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում: Այժմ Ֆերգյուսոնի սաները ընդամենը 3 միավորով են գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Արսենալ»-ին, սակայն վերջինս մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Չեմպիոնության համար պայքարն ավել է սրվում և մայիսի մեկին կայանալիք «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման կարևորությունն էլ ավելի է մեծանում: 

29-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Բիրմինգհեմ» - «Վեսթ Բրոմվիչ»` 1:3 
«Արսենալ» - «Սանդերլենդ»` 0:0
«Բոլթոն» - «Ասթոն Վիլլա»` 3:2
«Ֆուլհեմ» - «Բլեքբըրն»` 3:2
«Նյուքասլ» - «Էվերտոն»` 1:2
«Վեսթ Հեմ» - «Սթոուք»` 3:0
«Մանչեսթեր Սիթի» - «Ուիգան»` 1:0
«Վուլվերհեփթոն» - «Տոտենհեմ»` 3:3
«Բլեքփուլ» - «Չելսի» հանդիպումը կկայանա այսօր:

Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 428 | Ավելացրեց: ERO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: